Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:
«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչ-որ մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:
Նախաձեռնող խմբի մյուս անդամ Արմեն Հակոբյանի խոսքով`ընդհանուր քննարկումներից հասկացան, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն է:
«Կարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է ընտրվել, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- ասել է նա։
Պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանն էլ նշել է, որ խաչքար էլ ունեն, գերեզմանոց էլ, սա նրանից պետք է տարբերվի։
Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։
«400 թեղիատերև սոսի է, որ բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրաստ չէ, ծառերը պետք է խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:
Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը: