Վրաստանը պետք է որ այնքան էլ շահագրգռված չլինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դրա համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «գործադրած ջանքերին»։
«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, այդ դեպքում Հայաստանը Վրաստանի համար կընկալվի որպես մրցակից։ Այդպիսի խնդիր կար դեռևս 90-ականներին, երբ ակնհայտ էր, որ եթե արցախյան հակամարտությունը կարգավորվեր, ապա և՛ նավթամուղը, և Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղին կանցներ ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով` հազիվ թե Վրաստանին հաջողվի լուրջ միջնորդական առաքելություն իրականացնել, քանի որ տարածաշրջանում շատ ավելի լուրջ խաղացողներ կան։ Անկախ ամեն ինչից՝ Ղարիբաշվիլիի քայլը Բաղդասարյանը դրական է համարում։ Այն Հայաստանին հնարավորություն է ընձեռում ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի` ունենալ ևս 1 հարթակ, որտեղ հնարավոր կլինի շփումների, երկխոսության միջավայր ստեղծել։
Նրա կարծիքով` շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչով է պայմանավորված Վրաստանի ակտիվությունը՝ պաշտոնական Թբիլիսին սեփական նախաձեռնությա՞մբ է ստանձնել հաշտարարի դերը, թե՞ Վրաստանի միջոցով դա անում է Եվրամիությունը։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանի վարչապետն առաջիկայում նախատեսում է այցելել նաև Հայաստան։
Ղարիբաշվիլին Բաքու մեկնելուց առաջ հույս էր հայտնել, որ կկարողանա իր ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում ու դրական դեր խաղալ։
Վրաստանի վարչապետն օրերս նաև առաջարկել էր Թբիլիսիում ստեղծել հարթակ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումների համար։