ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիային մտահոգել է այն հանգամանքը, որ թուրք ազգայնականների Bozkurtlar / Ülkü Ocakları («Գորշ գայլեր») կազմակերպությունն ԱՄՆ-ում կարող է ընդգրկվել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչն այդ թեմայով հայտարարություն է արել։
«Մենք ցավում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած` պաշտպանության մասին ազգային օրենքի փոփոխությունների տեքստում կա մի կետ, որը պահանջում է ԱՄՆ պետդեպարտամենտից հաշվետվություն պատրաստել այն մասին` արդյոք Bozkurtlar / Ülkü Ocakları-ն ահաբեկչական կազմակերպություն է, թե ոչ: Թեև օրենքի վերջնական տեքստը դեռևս հաստատված չէ, այդուհանդերձ խիստ տագնապալի է, որ անհիմն մեղադրանքներ պարունակող և ԱՄՆ-ի հետ մեր վաղեմի դաշինքին չհամապատասխանող այդ խնդրանքը ընդունվել Է ԱՄՆ Կոնգրեսի պալատի կողմից», - ասված Է Բիլգիչի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ դա հակաթուրքական լոբբիի փորձերից է, որոնց աջակցում էին սկզբում Եվրոպայի, իսկ այժմ նաև ԱՄՆ-ի որոշ շրջանակներ։
«Դա առաջին հերթին վնասում է ահաբեկչության դեմ պայքարին։ Բոլոր երկրները, որոնք անկեղծորեն հակազդում են ահաբեկչությանը, հատկապես մեր դաշնակից ԱՄՆ-ն, պետք է վճռականորեն պայքարեն իրական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՔԱԿ–ի (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և FETO-ի դեմ (Անկարայում այսպես են անվանում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը-խմբ.)։ .. Այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ կողմնակալ մոտեցումներն անթույլատրելի են», - հայտարարել է Բիլգիչը։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է` Անկարան ակնկալում է, որ այդ կետը չի ներառվի օրենքի վերջնական տեքստում, և ԱՄՆ-ում թուրքական համայնքի կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ կկանխվի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պաշտպանության մասին ազգային օրենքում (National Defense Authorization Act) մի շարք փոփոխություններին։ Այդ փոփոխությունների համաձայն` 180 օրվա ընթացքում պետքարտուղարը պետք է մանրամասն տվյալներ ներկայացնի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասին: Մասնավորապես Պետդեպարտամենտին պետք է ներկայացվեն դեպքեր, երբ այդ կազմակերպության գործունեությունը հակասել է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների ու գործընկերների ազգային շահերին։ Պետդեպարտամենտը պետք է նաև վերլուծություն ներկայացնի այն մասին, թե արդյոք այդ կազմակերպությունը (ծայրահեղ ազգայնական - խմբ.) ահաբեկչական է համարվում։ Հակառակ դեպքում Պետդեպարտամենտը պետք է մանրամասն հիմնավորի իր կարծիքը։