ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկների ներառումը ԵԽԽՎ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևում կարևոր է հայկական կողմի համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ-ն 47 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով բանաձև ընդունեց։ Բանաձևին դեմ են քվեարկել Ադրբեջանն ու Թուրքիան։ Փաստաթուղթը վերաբերում է սպանված, անհայտ կորած և վիրավոր զինծառայողներին ու գերիներին, ռազմական հանցագործություններին, մշակութային ժառանգության ոչնչացմանը և այլն:
«ՄԻՊ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումն առանց անվտանգության գոտի ստեղծելու ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների և հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները, այլ նաև դառնալու է նոր խախտումների և լարվածության պատճառ։ Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել ատելության քարոզը, այլև խորացրել են հայատյացության և ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը՝ Հայաստանի ողջ ժողովրդի նկատմամբ։ Խոսքը իրական ցեղասպանության քաղաքականության մասին է»,-ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ-ն իր մշտադիտարկումների արդյունքում վեր է հանել մոտ 300 տեսանյութ, որոնք վերաբերվում են հայկական կողմի գերիների, անհետ կորածների նկատմամբ դաժանություններին, խոշտանգումներին, որոնք թարգմանվել են օտար լեզուներով և օբյեկտիվ ապացույցներ են։
«Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների անօրինական ներկայությունը, զենքի մշտական սպառնալիքները, անասունների առևանգումը և արոտավայրերի հրկիզումներն ապացուցում են անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը», - ընդգծեց իրավաբանը:
Նշենք, որ ընդունված բանաձևում երկու երկրներին կոչ է արվում բանակցություններ սկսել սահմանագծման և սահմանազատման շուրջ, ինչպես նաև ուսումնասիրել անվտանգության գոտու ստեղծման հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մոնիթորինգային ուժերի ներգրավմամբ:
Թաթոյանի կարծիքով` ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները կանխելու միակ արդյունավետ տարբերակը անվտանգության գոտու ստեղծումն է, որի մասին ՀՀ ՄԻՊ-ը բազմիցս բարձրաձայնել է: Նա կարծում է, որ պատերազմից հետո Հայաստանի գյուղերի և բնակավայրերի միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, դրոշների տեղադրումը զուրկ են որևէ իրավական հիմքից, դրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության գոտի:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի տարածքում ՝ փորձելով ամրապնդվել այստեղ։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։ Լարվածության ևս մեկ օջախ կա ՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։