ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Համացանցում կատարվող տարբեր գործարքները, ինչպիսիք են` Էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը, մինչ օրս Հայաստանում դուրս են եղել հարկման դաշտից։
ՀՀ կառավարությունը որոշել է շտկել բացթողումը` Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելով։
«Գործելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով, այցելելով ՀՀ ՊԵԿ կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում»,– ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության առաջարկած փոփոխությունները` ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նաև նշեց, որ հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Իսկ թե ինչպես է հարկային մարմինը ճշտելու` արդյո՞ք իսկապես հարկ վճարողը հանդիսանում է ՀՀ ենթակա սուբյեկտ, ըստ Բադասյանի, դիտարկվելու են մի քանի պայմաններ. շահառուի գրանցման և IP հասցեները, նրան սպասարկող բանկի կամ էլեկտրոնային հաշվարկների միջոցով փողերի փոխանցում իրականացնող օպերատորի գտնվելու վայրը և միջազգային ծածկագիրը, որից անձն օգտվում է էլեկտրոնային փոխանցումներ կատարելու համար։
Նոր օրենքը և էլեկտրոնային հարթակը նախատեսվում է գործարկել 2022թ–ի հունվարի 1-ից, եթե ԱԺ–ն հասցնի մինչ այդ ընդունել նախագիծը։