ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ժամանակ Պապիկյանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
© Photo : official site of the Government of RA
Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ կատարվող քայլերը` հայտնելով, որ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը` ճանապարհի 17 կմ հատվածի վրա:
Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ–անոց նոր ճանապարհի և Սյունիքի 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցումը նախատեսվում է վերջնականապես ավարտել 2022թ. գարնանը:
Նա նաև հայտնել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: