Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանի խոսքով` պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 44–օրյա պատերազմի առաջին տարելիցին գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...»,–գրել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա գլուխը բարձր և մեջքն ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվել առաջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի մարդ է զոհվել ու անհետ կորել 44-օրյա պատերազմի ընթացքում. ՔԿ–ն տվյալներ է հրապարակել