ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ՝ հիմնականում բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշվում է, որ հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Հրդեհները մարդկանց պատճառում են նաև լուրջ սոցիալական խնդիրներ:
«Այս տեղեկությունները մեզ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դրանք հիմնավոր ստուգել է մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: Ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքները կատարվում են դիտավորությամբ», - ասված է գրառման մեջ։
ՄԻՊ-ը հիշեցնում է, որ շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհներ էին գցել Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք և այլն) հարևանությամբ: Խոսքն այնպիսի բարձրադիր վայրերի մասին է, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:
Թաթոյանը շարունակում է պնդել, որ պետք է ստեղծել անվտանգության գոտի, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:
«ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ: Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը», - գրել է Թաթոյանը։
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը վաղն առավոտյան կուղարկվի միջազգային կառույցներին, ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: