Եթե գողը տնից չլինի. փայտի մաֆիայի շրջանառությունը 100 միլիոնավոր դրամների է հասնում

Ռոմանոս Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ծառագողության բիզնեսի համար լուրջ հիմքեր են ստեղծում նաև գործող իրավական կարգավորումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Եթե գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի. ժողովրդական այս ասացվածքով է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բնորոշեց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի փայտի անօրինական բիզնեսում։
Նախարարը հիշեցրեց, որ վերջերս «Հայանտառի» 3 նախկին ու 6 գործող աշխատակիցների` անռապահների ու անտառապետերի մեղադրանքներ առաջադրվեցին ապօրինի ծառահատումների, անտառագողության դեպքերով։
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
«Շուրջ 1000 աշխատակիցներ ունենք, որոնք կոչված են պահպանելու անտառը, բայց փաստորեն, առաջինը հենց իրենք են ներգրավված այդ հանցագործությունների մեջ»,– Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն այս հարցով ընդլայնված խորհրդակցություն էր անցկացրել անտառապետությունների ու անտառտնտեսությունների ներկայացուցիչների հետ: Նա հայտարարել էր, որ անհանդուրժող են լինելու անտառը «սեփական բիզնեսի վերածողների հանդեպ»:
Ապօրինի փայտանյութի տեղափոխման ու որսագողության դեպքեր են գրանցվել
Մինչ այդ` սեպտեմբերի 8-ին Դիլիջանում ինչ–որ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ավտոմեքենան։ Դեպքը, Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, դեռ չի բացահայտվել, մեղավորը հայտնաբերված չէ, բայց կան հիմնավոր կասկածներ, որ տեղի ունեցածը նույնպես "փայտի բիզնեսի" շրջանակներում է։
«Այդ հրկիզմանը նախորդել էին մի շարք միջադեպեր, այդ թվում նաև` որոշակի շրջանակների հետ, ովքեր տվյալ տարածաշրջանում հայտնի են անտառի հետ կապված իրենց գործունեությամբ։ Կարող ենք մեկ նախադասությամբ բանաձևել տեղի ունեցածը` դա փայտի մաֆիայի հակադարձումն էր օրենքի գերակայություն թելադրողների, երաշխավորողների նկատմամբ»,– ասաց նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարը մի քանի ամիս է, ինչ աշխատում է այդ պաշտոնում, ու լայն պայքար է ծավալել Դիլիջանում անտառագողությամբ զբաղվող շրջանակների դեմ։

Sputnik Արմենիայի հարցին, թե իր մատնանշած փայտի մաֆիան ինչ ծավալներ ունի Հայաստանում, Ռոմանոս Պետրոսյանը դժվարացավ հստակ թիվ նշել։
«Կարող եմ ասել, որ հայտնի մաֆիայի շրջանառության մեջ իմ ընկալմամբ այս պահին 100 միլիոնավոր դրամների մասին կարող է խոսք լինել»,– ասաց Պետրոսյանը։
Նախարարի խոսքով` ծառագողության բիզնեսի համար լուրջ հիմքեր են ստեղծում նաև գործող իրավական կարգավորումները, երբ բնափայտի ու վառելափայտի մթերումը անտառային տնտեսությունները պատվիրակում են մասնավոր ընկերություններին կամ անհատներին։
Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին. լուսանկար
Անտառագողության ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուղին փակելու համար կառավարությունն արդեն դիմել է «Կանաչ կլիմայի հիմնադրամին»` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի գրանտային ծրագիր ներկայացնելով, որի արդյունքում նախատեսվում է հզորացնել "Հայանտառի" կարողությունները, ձեռք բերել հատուկ սարքավորումներ գիշերային լուսավորության սարքեր, ամենագնացներ և այլն։
«Այս դեպքում այդ շրջանակներն օրինական հիմքերով անտառում անելիք չեն ունենա»,– եզրափակում է Ռոմանոս Պետրոսյանը։
Ծրագրի իրականացման դեպքում, Պետրոսյանի հաշվարկով, 1-2 տարի հետո "Հայանտառը" բացառապես իր միջոցներով կիրականացնի փայտի մթերումն ու իրացումը` անտառը զերծ պահելով անցանկալի հյուրերից։