Ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրաման կանոններին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, ինչ խոսք, արդյունավետորեն կազդի գործընթացի վրա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախագիծը թերի է, դրանում կան շատ անճշտություններ և եթե նման ձևով ու բովանդակությամբ կյանքի կոչվի, ապա սպասելի արդյունք չի տա և արդյունավետորեն չի աշխատի, Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։
«Նախագծի թերի լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք պարտավորություններ, որոնք տվյալ նախագծի մեջ չեն ընդգրկվել, և հիմա ինչ որոշում էլ կայացնի կառավարությունը, այն լրամշակման կարիք կունենա»,– նշեց փորձագետը։
Տիգրանյանի գնահատմամբ` գազաբալոնային սարքավորումների շահագործման ժամանակ անվտանգության մակարդակը շարունակում է մտահոգիչ մնալ, և պրոբլեմները, որոնք խնդրահարույց էին անցյալ տարի, նույնությամբ մնացել են, որովհետև մարդիկ շարունակում են մեքենաներում գազաբալոններ տեղադրել չլիցենզավորված կետերում։ Տոկոսային առումով շատ քիչ թիվ են կազմում մեքենաները, որոնց գազաբալոնները պատճաշ փորձարկում են անցել։
Անդրադառնալով ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տվյալների էլեկտրոնային բազա ստեղծելու կառավարության նախաձեռնությանը` Տիգրանյանն ընդգծեց, որ այդտեղ հեծանիվ չեն հայտնագործել, դա պետք էր վաղուց անել, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված և կիրառելի կարգ է և ըստ էության միակ ճանապարհն է մասնավոր սեկտորից անօրինական գործունեություն ծավալողներին դուրս մղելու համար։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք լիցենզավորման գործընթացի արդյունքում գազաբալոններ փորձարկելու և տեղադրելու լիազորություններով կօժտվեն առանձին կազմակերպություններ, ինչը կարող է բերել ոլորտի մոնոպոլիզացման, Տիգրանյանը չկիսեց նման մտահոգությունը և պնդեց, որ նման կազմակերպությունները, ընդհակառակը, պետք է շատ լինեն, որպեսզի հասցնեն սպասարկել հսկայական թվով մեքենաների, և հետո ոլորտում, ըստ փորձագետի, մեծ գումարներ չեն շրջանառվում, որպեսզի նպաստեն մոնոպոլիզացմանն ու կոռուպցիոն երևույթների դրսևորմանը։
Տիգրանյանի տեղեկացմամբ` ոլորտի առաջատար կազմակերպությունները նամակ են գրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին` նշելով իրենց դիտարկումները, բայց առայժմ պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք, որ ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների շահագործման կանոններին առնչվող օրենքը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը։
Դա արվում է գազաբալոնային սարքավորումների շահագործման ժամանակ անվտանգության մակարդակը բարձրացնելու և դժբախտ պատահարները կանխարգելելու նպատակով։