Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը համայնքների խոշորացման հետևանքով սպասվող խնդիրները կներկայացնի ԱԺ-ում։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավետյանը նշեց, որ հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, պայմանավորվել են, որ մարզպետն անձամբ կայցելի համայնք, տեղում կծանոթանա խնդիրներին, որոնք կարող են առաջանալ համայնքը Վարդենիսի հետ միավորելու հետևանքով։ Սարգսյանը, սակայն, այդպես էլ չի այցելել Գեղամասար։
«Սարգսյանը չի եկել, անգամ չի էլ զանգել։ Արդեն հասկանալի է, որ կա՛մ իրենց այդ հարցը չի հետաքրքրում, կա՛մ էլ մտածված ձգձգում են, որ հարցը մտնի ԱԺ։ Վաղը ԱԺ-ում պնդելու եմ, որ խոշորացման որոշումը սխալ է և պետք է ընդառաջ գնալ համայնքի` թվով 8000 բնակիչների պահանջին ու հետ կանգնել այդ մտքից»,- ասաց նա։
Համայնքապետի խոսքով` սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ խոշորացման արդյունքում իրենց սոցիալական, անվտանգային հարցերը կանտեսվեն, մինչդեռ այս ընթացքում հասցրել են գտնել խնդիրների լուծման իրենց ճանապարհները։
«Եթե մարդկանց համար անհարմարություն ստեղծվի, այդ մարդիկ անուշադրության մատնվեն, էլ բան չի մնում անելու, քան թողնեն իրենց տներն ու «քոչեն», իսկ եթե գնան` պետության համար անվտանգության խնդիր է առաջանում։ Այս պատերազմական վիճակում մարդիկ շարունակում են իրենց երեխաների հետ այստեղ ապրել, եթե այդ հերոսական քայլն էլ հաշվի չառնեն, մարդիկ կլքեն իրենց տները, գյուղերը կդատարկվեն»,- նշեց Ավետյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները սեպտեմբերի 16-ին առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։
Նշենք, որ ԱԺ-ն սեպտեմբերի 24-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկելու է համայնքների խոշորացման հարցը։