Չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել. ՀՀ նախագահի ուղերձը տոնի առթիվ

ՀՀ նախագահը նշել է, որ 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
Sputnik
Չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել։ Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ։ Անկախության 30-ամյակին նվիրված իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«ՀՀ անկախության հռչակման 30-ամյակը լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում»,–ասվում է նախագահի ուղերձում։
Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը
Սարգսյանը նկատում է, որ ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց` մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Սակայն, ըստ նրա, 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
ՀՀ նախագահը շեշտում է` մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի, Սարգսյանի համոզմամբ, չի կարող լինել ո՛չ զարգացում, ո՛չ էլ առաջընթաց:

«Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում: Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն»,–ասում է նախագահը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Բացի այդ, անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:
Սարգսյանը նշում է, որ պատմությունը հիշում է թե՛ պարտությունները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
"Փաշինյանն անկոչ հյուր է, ես չեմ ուզում` գա իմ երեխու տուն". զոհվածի հայրը` Եռաբլուրում
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։