Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին

Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մանր գործողություններով փորձում է մարդկանց նյարդայնացնել, մարդկանց հույզերի վրա ազդել։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով երեկ Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։

«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Սիմոնյանը Գյումրիում է քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Նա այնտեղ է մեկնել ընտանիքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում
Մինչ այդ` օգոստոսի վերջին, ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։