Մամուլյանը` ժյուրի, Մկրտչյանը` խոհարար. Հայաստանը Սոչիում կմասնակցի ռեստորանային սպորտին

Հայկական թիմը մտադիր է ըստ արժանվույն ներկայացնել երկիրը սպասվող մրցման ժամանակ։ Նույնիսկ ոսկե մեդալի հույս կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը երկրորդ անգամ կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է Սոչիում սեպտեմբերի 24-27-ը։
Այս անգամ խոհարարները միջոցառմանը ներկա կգտնվեն անձամբ, ոչ հեռավար կերպով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Ինչպես միս ընտրել լավ խորովածի համար. խորհուրդներ հայտնի խոհարար բլոգերից
Նրա խոսքով` Հայաստանը, ինչպես և անցած տարի, կներկայացնի խոհարար Հովիկ Մկրտչյանը (Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի շրջանավարտ)։ Նախորդ տարի Բուլղարիայում նա արծաթե մեդալ է նվաճել։

«Ռեստորանային սպորտը վերջերս է սկսել զարգանալ, մրցումները հինգերորդ անգամ են անցկացվում, բայց մենք անցած տարի ենք միացել։ Ներկա պահին հայտնի է միայն, որ մասնակցության հայտ է ներկայացրել 19 երկիր», – ասաց Մամուլյանը։

Խոհարարներն իրենց վարպետությունը կցուցադրեն երեք անվանակարգերում` տաք ուտեստ, աղցան և աղանդեր։ Մրցումների մասնակիցներին որոշ մթերքներ կտրամադրվեն, որոնց հիման վրա նրանք պետք է ստեղծեն իրենց աշխատանքները։
Սոչիում կներկայացվեն նաև հայկական գինիները. սոմելիեն կպատմի դրանց պատմությունն ու այլ մանրամասներ կներկայացնի։ Մամուլյանը նշեց, որ այս տարի հայկական թիմը վճռական է տրամադրված և մտադիր է տուն վերադառնալ ոսկե մեդալով։
Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար
«Ինչ էլ լինի, համոզված եմ, որ մեր երեխաները արժանի ձևով կներկայացնեն խոհանոցը։ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային բոլոր հարթակները` մեր ավանդական ուտեստները հանրահռչակելու համար», – ընդգծեց խոհարարը։
Ինքը` Մամուլյանը, Սոչի կմեկնի որպես ժյուրիի անդամ։
Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան 2018 թվականին հիմնադրել է իսրայելցի Ալեքս Ռաբինովիչը։ 2019 թվականի դեկտեմբերին նա Հայաստանում մասնակցել է հայկական ֆեդերացիայի բացմանը։ Այս մրցույթում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ մրցում են «լավագույն խոհարար», «մատուցող» և «բարմեն» անվանակարգերում հաղթելու համար։