ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հույս ունի, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:
Քոքսը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Սիմոնյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:
«Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ալեն Սիմոնյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին և Արցախին հետևողական կերպով աջակցելու համար: Սիմոնյանը հավելել է` չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում և սեր է վայելում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն Արցախում փաստահավաք առաքելություն էին իրականացնում Քերոլայն Քոքսի մասնակցությամբ։