ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խաղաղության դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Ակցիային ներգրավվել են ՌԴ ռազմական ավտոտեսչության մասնագետներ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումների աշխատակիցներ և խաղաղապահ զորախմբի հրշեջներ։
Դպրոցի ավելի քան 50 սովորողների պատմել են ԼՂ–ում ռուս զինծառայողների խաղաղապահ առաքելության գլխավոր միջոցառումների մասին։
Սակրավորները ցուցադրել են ռուս զինվորական ինժեներների ժամանակակից հանդերձանքը` "Սոկոլ" ОВР-2 ականազերծման համազորային հավաքածուն, որը նախատեսված է պաշտպանելու ինժեներներին պայթյունի հետևանքներից, պատմել են ИМП-С2 ականորսիչների և "Կորշուն" ИНВУ-3М պայթուցիկ սարքերի շարժական որսիչների մասին, որոնք թույլ են տալիս պայթուցիկ սարքեր հայտնաբերել ռադիոէլեկտրոնային բաղադրիչների հիման վրա։
Ռուս սակրավորները դպրոցի բակում երեխաներին ցուցադրեցին, ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումն ու ինչպես է աշխատում ականորսիչը։
Խաղաղապահ զորախմբի հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են կրակի առաջացման պատճառների, նաև այն մասին, ինչպես է ԿամԱԶ–ի հիմքի վրա կառուցված АЦ-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրել վթարափրկարարական սարքավորումների, հաշվարկի աշխատանքի հետ, ցուցադրել պաշտպանիչ հագուստն ու հանդերձանքը։
Զինվորական ավտոտեսչության ներկայացուցիչները պատմել են երեխաներին իրենց ծառայության և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության մասին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: