Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանի հարցը ամրագրվել է 2010թ–ին ընդունված ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի սահմանից։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով հիշյալ ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը։
«Նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ձեզ և մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ տվյալ սահմանը ամրագրված է նաև ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
ԱԱԾ–ն օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. «Հայաստանը» քննարկում է պահանջում
«2020թ–ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, ինչի մասին ՊՆ–ն ու կառավարությունը հանդես են եկել հաղորդագրությամբ»,– ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իրանական բեռնատարներից ադրբեջանցի ոստիկանների կողմից գանձվող գումարներին՝ Փաշինյանը նշեց, որ իր ենթադրությամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ պայմանավորվածության մեջ չեն հիշատակվել օտարերկրյա բեռնափոխադրումները։
«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչները
«Տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը` թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ–ը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս, պիտի հատեն մաքսային, անվտանգային և այլ կետեր»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց նաև իր կողմից կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ նշելու փաստը, որը տարբեր մեկնաբանույուններ է առաջացրել հանրության շրջանում։
«Դա արվել է մի պարզ պատճառով` որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ–ն դե յուրե ընդունել է 2010թ–ին ընդունված, իմ հիշատակած ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։