«Մինչև վառելիք է բերել, մեքենան տարել են». ադրբեջանցիները գողացել են արցախցու «ՈւԱԶ»-ը

Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու վառելիքը ճանապարհին վերջացել է։ Մինչ նա գնացել է գյուղ վառելիքի հետևից` ադրբեջանցիները գողացել են մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Օրերս ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի բնակիչներից մեկի «ՈւԱԶ»-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։
Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան
«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ. տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատվածը։ Հետո հասկացել է և մեր տարածք փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,–պատմեց Շադունցը։
Դրանից հետո արցախցին մեքենան թողել է այդ տարածքում` միջանցքի հատվածում և Տեղ համայնք շտապել, որպեսզի վառելիք վերցնի։ Սակայն երբ հետ է վերադարձել մեքենայի մոտ, այն արդեն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարած են եղել։
Շադունցը հայտնեց` դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահներին։ Դրանից հետո տղամարդը կրկին Արցախ է գնացել, և այնտեղ գտնվող խաղաղապահներին էլ տեղյակ պահել։
ԱԱԾ–ն օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. «Հայաստանը» քննարկում է պահանջում
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը։ Ի դեպ, այս միջադեպն էլ եզակի չէ` ադրբեջանցիները հաճախ են նաև ադրբեջանական կողմ անցած կենդանիները յուրացնում։