Հայկական ռոքի մայրաքաղաք համարվող Վանաձոր քաղաքի կենտրոնից քիչ հեռու՝ քաղաքային այգու մերձակայքում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հրուշակարան է հայտնվել։ Վանիլի և նուշի բույրը ներս է կանչում, իսկ այստեղից արդեն դժվար է հեռանալ առանց թղթե տոպրակի մեջ փաթաթված կամ տուփի մեջ դրված հրուշակեղեն գնելու։
Упаковка с пирожными "Макарон" в кондитерской Шамам Хачатрян в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Հրուշակագործ Շամամ Խաչատրյանը մեծ հաճույքով յուրաքանչյուր հաճախորդի պատմում է նուշի ալյուրից իր իսկ տեխնոլոգիայով պատրաստված ֆիրմային կրուասանների, զեֆիրի և մակարունների (ֆրանսիական հրուշակեղեն) մասին։ Նա կատակում է, թե աշխարհում մակարուններ պատրաստելու 4 տեսակ կա. ֆրանսիական, իտալական, շվեյցարական և վանաձորյան։
«Ինձ շատ է ուրախացնում, որ Վանաձորում նոր մոդա է հայտնվել` ծաղիկների հետ մակարուն են նվիրում։ Առանձնահատուկ զգացողություն է ստեղծագործելն ու ուրախություն պարգևելը այն մարդկանց, որոնք քեզ համար թանկ են», – պատմում է նա։
Նրա պատմությունը սկսել է թոռներին ուրախություն պարգևելու «տատիկական» սովորական ցանկությունից։ Մի օր, սոցցանցերում կարդալով մակարունի պատրաստման դասընթացների մասին հայտարարությունը, որոշել է անցնել դրանք, քանի որ թոռները շատ են սիրում այդ թխվածքաբլիթները։ Դասընթացներն ավարտելուց հետո երկար պրակտիկա էր ձեռք բերում և հյուրասիրում բոլորին։ Մեծ պատվեր կատարած առաջին հաճախորդն իր քույրն է եղել, որը մի փոքր խորամանկել է և իրեն երազանքի «ուղեգիր տվել»։
Кондитер Шамам Хачатрян на кухне в своей кондитерской в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Քույրս ասաց, որ իր ընկերներից մեծ պատվեր ունեմ։ Ես մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ պատրաստեցի մակարուններն ու հասկացա, որ ժամանակն է սեփական բիզնես սկսել»,– պատմեց հրուշակագործը։
Շամամը երկու տարի տանն էր պատվերներ ընդունում։ Սակայն որոշեց հիմնովին մոտենալ հարցին և սկսեց հաճախել AGBU–ի կազմակերպած կին ձեռներեցների ծրագրին։ Դժվար էր ամուսնուն համոզել, որ երեք ամսով Երևան թողնի, բայց կարողացավ։ Նա մայրաքաղաքից վերադարձավ նոր գիտելիքների պաշարով։ Խմբում տարիքով ամենամեծն էր և ստիպված էր ոչ միայն բրենդինգի և մարքեթինգի հմտություններ ձեռք բերել, այլև տարրական համակարգչային ծրագրեր սովորել։ Համակուրսեցիներն օգնում էին, իսկ ինքը մոտիվացնում էր նրանց և մակարուն հյուրասիրում։ Դասընթացի ավարտից հետո Շամամը դրամաշնորհ ստացավ կազմակերպիչներից և ձեռք բերեց անհրաժեշտ սարքավորումները։
Выпечка кондитерской Шамам Хачатрян в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Սիրում եմ ֆրանսիական հրուշակեղենը։ Ուզում եմ, որ վանաձորցիները ծանոթ լինեն այդ մշակույթին և անում եմ ամեն ինչ, որպեսզի արտադրությունը սրճարանի վերաճի, ուր կկարողանան գալ քաղաքի բնակիչներն ու ամեն անգամ մի նոր ու հետաքրքիր բան համտեսել», – ասաց նա։
Հրուշակագործը խոստովանեց, որ բացառապես բնական հայկական բաղադրիչներ է օգտագործում։ Նա նույնիսկ հայկական արտադրության նուշի ալյուր է հաջողացրել գտնել, որը ամերիկյանին ոչնչով չի զիջում։ Դա գնահատել են նաև հաճախորդները. պատվերներ է ստանում ոչ միայն հայկական տարբեր քաղաքներից։ Եղել է, որ անգլիացի հաճախորդը արտերկրից խնդրել է, որ թխվածքները Վանաձորից Երևան ուղարկեն։
Кондитер Шамам Хачатрян в своей кондитерской в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Շամամը չի թաքցնում, որ երազում է Վանաձորը դարձնել մակարունների հայկական մայրաքաղաք, թեև այսօր քաղաքն ավելի շատ հայտնի է ռոք կատարողներով։
«Վանաձորցիները Գյումրի են գնում, հայտնի սրճարանում կրուասան համտեսելու համար (այնտեղ աուտիզմ ունեցող մարդիկ են աշխատում – խմբ.), ուզում եմ, որ Գյումրիից ևս մեզ մոտ գան` մեր մակարունների հետևից»,– ասում է նա։
Кондитер Шамам Хачатрян обслуживает посетителя своей кондитерской в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Սակայն կրուասանների մասով կինը համեստություն է անում, քանի որ անձամբ է անհրաժեշտ դասընթացներն անցել և սովորել թխել դրանք ամենատարբեր միջուկներով` շոկոլադից մինչև պանրային և հավով։ Կրուասանի վերջին տեսակը նա հատուկ տղամարդկանց համար է հորինել։ Նրանք հաճախ մտնում ու խնդրում են շատ համեղ, բայց ոչ քաղցր մի բան առաջարկել։ Նրա ամենախիստ քննադատը որդին է։ Նա անկեղծ ասում է մորը բոլոր թերությունները, Շամամն էլ ուղղում է դրանք` ամեն անգամ նոր գնահատականի սպասելով։
Пирожные "Макарон" на витрине кондитерской Шамам Хачатрян в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
– Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։
– Յուրաքանչյուր մակարունի մեջ հոգի ու սիրտ եմ դնում։ Երևի` դա։
– Դժվար չէ՞ 50+ տարիքում բիզնես զարգացնել։
– Ոչ, հաճույք է սիրելի գործով զբաղվելը։ Շատ եմ խղճում այն կանանց, որոնց կյանքն իրենց կողքով է անցնում։
– Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց։
Вход в кондитерскую Шамам Хачатрян в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
– Չվախենալ ձերբազատվել կենցաղային առօրյայից և գտնել այն, ինչն իրենց կոգեշնչի։
P.S. Վաճառասեղանի առաջին դարակաշարին ժելեով պատրաստված աղանդեր նկատեցինք։ Դրանք պատրաստում է Վանաձորի 31-ամյա բնակիչ Վարդ Խաչատրյանը։ Նրանք Շամամի հետ միասին հաճախել են սկսնակ գործարար կանանց դասընթացներին։ Վարդին չի հաջողվել դրամաշնորհ ստանալ բիզնեսի զարգացման համար, սակայն Շամամը նրան իր վաճառասեղանին տեղ է հատկացրել, որպեսզի նա կարողանա իրացնել իր արտադրանքը։