ՀՔԾ–ն հերքում է. Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան չունի

Հատուկ քննչական ծառայությունը մեծահոգաբար առաջարկում է հերքել տեղեկությունը և ներողություն խնդրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել և «Ժողովուրդ» օրաթերթին առաջարկել է հերքել կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանի ունեցվածքի մասին հրապարակումը։
Անհարմար հարցեր` Սասուն Խաչատրյանին. ինչպե՞ս հաղթահարեց հարցուպատասխանի փուլը ՀՔԾ պետը
««Ժողովուրդ» օրաթերթն այսօր միայն իրեն հայտնի նպատակներով մանիպուլյատիվ բնույթի և բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով, ինչպես նաև հարցադրում է արել, թե արդյոք վերջինս դստեր «հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարել է», այն դեպքում, երբ նման թիվ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված չի եղել: Ավելին` նախօրեին որևէ լրատվամիջոցով նվիրատվության նման թիվ չի հրապարակվել (հրապարակվել է 4 մլն 300 հազ. ՀՀ դրամ` դստեր ամուսնության կապակցությամբ): Եվ թեպետ մեր նախազգուշացումից հետո օրաթերթը, պատճառաբանելով, թե դա վրիպակ է, իր կայքում ուղղել է այն, սակայն ինչպես տպագիր մամուլով, այնպես էլ լրատվամիջոցների և անհատ օգտատերերի միջոցով ապատեղեկատվությունը տարածվել է»,– նշված է հայտարարության մեջ:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է. «Փաստինֆո»
Ինչ վերաբերում է Մոսկվայում բնակարան ունենալու կամ այլ անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի Խաչատրյանին պատկանող որևէ այլ գույք ունենալու մասին օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, ապա ՀՔԾ–ից նշում են, որ այդ տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է, և լրատվամիջոցին մեծահոգաբար առաջարկում են հերքել այն` ներողություն խնդրելով ապատեղեկատվություն տարածելու և զրպարտություն կատարելու համար: Հակառակ դեպքում` նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:
ՀՔԾ–ն լրատվամիջոցներին և հանրությանը ևս կոչ է անում վերը նշված ապատեղեկատվությունը չտարածել:
Պատերազմին մասնակցել եմ, եղել մարտական դիրքերում. Սասուն Խաչատրյան