ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելով` նրան ուղղակի խոշտանգում են։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին «Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ են գնացել` պրոֆեսորին տեսակցելու։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Չարչյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց։
«Չարչյանի հարցով նամակ ենք հղել մի շարք դեսպանատների և միջազգային կազմակերպությունների։ Նրա նկատմամբ քաղաքական պատվերով հետապնդում է իրականացվում, քանի որ շատերն են ասել, որ Չարչյանի կալանավորումն անհամատեղելի է հիվանդությունների հետ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` պրոֆեսորի կալանավորման հարցով բազմաթիվ բժիշկներ են իրենց կարծիքը հայտնել, սակայն բժշկական հանրույթը հայտարարությամբ հանդես չի գալիս, քանի որ կաշկանդված են, գիտեն` ազատ խոսքի նկատմամբ իշխանությունն ինչ վերաբերմունք ունի։
Սաղաթելյանը նշեց նաև, որ իրենց խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է, և, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, իշխանությունը ճնշումներ է գործադրում իրենց` ընտրությանը մասնակցելու հավանական թեկնածուների վրա։
Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Սաղաթելյանը նշեց, որ Գորիսում քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ընտրություններին և ՀՅԴ–ն պաշտպանելու է նրա թեկնածությունը։ Բացի այդ, բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն հանդես է գալու առանձին համամասնական ցուցակով։
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ներս մտան հիվանդանոց` Չարչյանին տեսակցելու։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։