ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին այցելել են ադրբեջանական գերությունից երեկ ազատ արձակված և Հայաստան վերադարձած 2 քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի առողջական վիճակը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հայ 2 ռազմագերիները հայրենիք վերադարձան երեկ` սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։
Զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի մասին տեղեկություններ չկային հուլիսի 14-ից հետո։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 16-ին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։ Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չէր հաստատում այս լուրը։
Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի ողջ լինելու մասին տեղեկությունները հայտնի դարձան միայն երեկ՝ նրանց վերադարձի օրը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Հիշեցնենք, որ ռազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։