ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Այսօր նման որոշում է կայացվել կառավարության նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը պահպանելու հնարավորություն է տալիս։
«Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին։ Բացի այդ, թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը»,–ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս:
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դեմ էր միավորմանը։ Պետական կամերային երաժշտական թատրոնին պատկանող, Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տալիս են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։