ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Սարի թաղում երիտասարդների կերուխումը վերածվել է վիճաբանության ու դանակահարությամբ ավարտվել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարության մասին:
Մինչ օպերատիվ խումբը շտապել է դեպքի վայր, բուժկենտրոնից է ահազանգ ստացվել։ Հաղորդվել է, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը: Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը ծանր էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
«Էրեբունու քրեական հետախույզները դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին։ Այստեղ նա խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։