ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի խորհրդարանի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցների թվի վերաբերյալ:
Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների գործունեությունը բուռն քննարկվում է հայ հասարակության մեջ այն բանից հետո, երբ նրանք խորհրդարանում սկսեցին զինվորական համազգեստ կրել և հաճախակի կարգի հրավիրել ծեծկռտուքների մեջ մտած պատգամավորներին: Որոշ նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ նշում են, որ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը չափից դուրս մեծ է։
Sputnik Արմենիան գրավոր հարցումներ ուղարկեց ԱԺ-ին և ԱԱԾ-ին՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք ավելացվել է անվտանգության աշխատակիցների թիվը, և եթե այո, ապա որքան, ինչպես նաև ասել, թե որքան լրացուցիչ միջոցներ են հատկացվել անվտանգության միջոցառումների համար, և արդյոք դա ֆինանսավորվել է բյուջեից:
Խորհրդարանի աշխատակիցները պատասխանեցին, որ Ազգային ժողովի տարածքում և շենքի ներսում անվտանգությունն ապահովում է Ազգային անվտանգության ծառայության պետական անվտանգության ծառայությունը:
«Աշխատակազմը չի տնօրինում պետական պահպանության ծառայության աշխատակիցների թվի, վարձատրության, ինչպես նաև ձեռնարկված վերաբերյալ տեղեկատվություն»,- նշվում է Ազգային ժողովի պատասխանում:
ԱԱԾ-ն էլ պատասխանեց, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 3 -րդ հոդվածի համաձայն`պետական պահպանությունն իրականացվում է բացահայտ և գաղտնի մեթոդների և միջոցների կիրառման համակցությամբ, և մեր պահանջած տեղեկությունները, համաձայն օրենքի, ընդգրկված են «գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում»։
«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը ՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանի մեջ։
Միաժամանակ, ԱԱԾ-ից նշել են, որ պետական անվտանգության ծառայության ֆինանսավորումը կատարվում է բյուջեի և երկրի օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների հաշվին:
Նշենք, որ ութերորդ գումարման խորհրդարանում գործում են անվտանգության խիստ միջոցառումներ: Հանդիպումների սենյակի մուտքի դիմաց տեղադրված են մետաղորսիչներ, լրագրողները կարող են աշխատել միայն որոշակի վայրերում, այժմ էլ խոսակցություններ կան, որ պատգամավորներին թույլ չեն տա բջջային հեռախոսներով մտնել նիստերի դահլիճ: