ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Կոտայքի մարզում երիտասարդների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճը վերածվել է դանակահարության, հնչել են կրակոցներ։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ դանակահարված երիտասարդը 21-ամյա Գրիգոր Ս.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:
Իրապահները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն։
Վերջինս դանակով հարվածելուց բացի նաև իր մոտ եղած «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ։
Արա Գ.-ն ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։