ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայից գործարար Մաhֆուզ Մուբարաք բեն Մահֆուզը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել 1,5 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 2,1 մլն դոլար) նվիրատվության դիմաց: Այդ հարցում նրան օգնել է Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզի մերձավոր օգնական Մայքլ Ֆոսեթը, հաղորդում է Sunday Times-ը:
Ֆոսեթը զբաղեցնում էր արքայազնի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն ժամանակավորապես լքել է այն՝ բորբոքվող սկանդալի պատճառով, իսկ հիմնադրամը, շատ լուրջ ընդունելով հնչած մեղադրանքները, ներքին հետաքննություն է սկսել:
Բեն Մահֆուզը 2011թ․-ից ի վեր փորձել է բրիտանական քաղաքացիություն ստանալ և պատվավոր տիտղոս ձեռք բերել։ Ինչպես պարզ է դառնում էլեկտրոնային նամակներից, Ֆոսեթը խոստացել էր, որ բիզնեսմենը կկարողանա շքանշանի ասպետ դառնալ առատ նվիրատվությունների դիմաց։ Հետաքրքիր է, որ բեն Մահֆուզին արքայազնի խորհրդականների առաջարկությամբ պարգևատրելուն աջակցել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և Էր Ռիադում Միացյալ Թագավորության դեսպանատունը։
2016թ․-ին բեն Մահֆուզը դարձել է Բրիտանական կայսրության պատվավոր կոմանդոր։ Սա պարգևի երրորդ մակարդակն է, այն դեռևս ասպետական տիտղոսի իրավունք չի տալիս։ Նա պարգևը ստացել է արքայազն Չարլզի ձեռքից՝ Բուքինգհեմյան պալատում, մասնավոր արարողության ժամանակ։ Պարգևը նրան շնորհել էր Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ «Միացյալ Թագավորության բարեգործական կազմակերպություններին մատուցած ծառայությունների համար»։
Սաուդցի գործարարի ներկայացուցիչները հերքում են տիտղոս գնելու մասին բանակցությունների փաստը՝ հայտարարելով, որ նա հայտնի մարդասեր է և գումար է նվիրաբերում տարբեր կազմակերպությունների: