Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ համայնքներում այսօր ևս թշնամին այրել է խոտածածկ տարածքները, հրդեհի նոր օջախներ առաջացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Թշնամին նորից իր սև գործն անում է։ Մի հատ լուցկի են նետում։ Ինչքան էլ մարում ենք կրակը, մեկ էլ տեսնում ենք` նոր տեղից հրդեհ առաջացրին։ Ինչքան կարելի է դիմադրել»,- ասաց նա։
Առաջացած հրդեհները մարելու համար հրշեջ-փրկարարներին շատ հաճախ միանում են նաև գյուղերի բնակիչները։ Իսկ այն տարածքներում, որոնք ռելիեֆային պայմանների պատճառով անհասանելի են, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել չի հաջողվում։
Ավետյանի խոսքով` Գեղարքունիքի մարզպետարանում տեղյակ են ադրբեջանական սադրանքներին, բայց գյուղացիներին պատճառված վնասի փոխհատուցման մասին որևէ խոստում չեն տվել։ Ավետյանն ասում է` ընդհանուր վնասի չափի մասին հաշվարկ իրենք էլ չունեն։
«Մինչև հիմա պատրաստակամություն չեն հայտնել, կարող է` սպասում են ամբողջ վնասի չափը հասկանան նոր, չգիտեմ։ Քանի որ հրդեհները դեռ շարունակվում են մենք էլ հաշվարկ չենք կարողանում անել։ Այս պահի հաշվարկը երկու ժամ հետո կարող է փոխվել»,- նշեց Ավետյանը։
Հիշեցնենք, որ Կութ, Սոթք, Նորաբակ և Ազատ գյուղերում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից:
Հրշեջներն ու փրկարարներն արդեն մի քանի օր է` աշխատում են դրանք մարելու ուղղությամբ, սակայն ադրբեջանցիներն անընդհատ հրդեհի նոր օջախներ են ստեղծում։
Բռնկված հրդեհների մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ օմբուդսման Արման Թաթոյանը։