Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին

Մայիսից ադրբեջանցի զինծառայողները տեղակայվել են Գեղարքունիքի գյուղերի մերձակայքում։ Մի շարք համայնքների բնակիչներ կորցրել են իրենց հողերն ու անասուններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շոգ կեսօր է, բայց Սոթք սահմանամերձ գյուղամեջը մարդաշատ է։ Տղամարդիկ նստած են գյուղապետարանի պատերի տակի նստարաններին և քննարկում են իրավիճակը։ Այս տարի խոտհունձի սեզոնը բազմաթիվ հրդեհներով ընթացավ։ Վարկած կա, որ ադրբեջանցի զինծառայողներն են այրում հայկական դաշտերը։ Անցած գիշեր վառվում էին գյուղական արոտավայրերը, կրակը հասել էր դպրոցի պահակ Ալբերտ Աբրահամյանի հողատարածքներին` այրվել էին խոտի 500 տուկից 200-ը։ Գյուղացիներից մի քանիսն ընդհանրապես սար չեն բարձրացել, նրանց հողերը շրջապատված են ադրբեջանցիներով։
Жители села Сотк у здания сельской администрации
Սոթքի բնակիչները
«Աբոյի բախտը բերեց, կարողացավ մի բան պոկի, իսկ մեր դաշտը թիրախի տակ է մենք չկարողացանք խոտը հնձել և ստիպված ենք լինելու կովերը վաճառել։ Կարտոֆիլ ենք ցանել, բայց ամենայն հավանականությամբ չենք կարողանա հավաքել։ Ադրբեջանցիները շատ մոտ են։ Նույնիսկ չգիտենք` ոնց ենք էս ձմեռն անցկացնելու», – ասում է պապիկներից մեկն ու սիգարետը դնում բերանը։
Մենք էլ մարդ ենք, հերիք եղավ. կութեցին պետական մարմիններին մեղադրում է անգործության մեջ
Տղամարդիկ միանում են զրույցին և սկսում պատմել, որ սարերից հաճախ լսվում են կրակոցների ձայները, իսկ  առավոտյան պարզվում է, որ կրակում են հարևան Կութ կամ մեկ այլ գյուղի վրա։ Ասում են` պատերազմից հետո կանանց և երեխաներին հազիվ էին կարողացել հանդարտեցնել, իսկ մայիսին ադրբեջանցիների գալով, երբ կրակոցներ լսվեցին, անորոշությունը կրկին հետ եկավ։  Ստիպված վերանորոգեցին և ամրացրին նկուղները, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։
Вид на горящую траву в приграничном селе Кут
Կութից բացվող տեսարանը
Հիմա կարծես սովորել են և անտարբերությամբ են իրենց գյուղերի անունները կարդում բանակի հետ կապված լուրերում, փոխարենը բոլորն արդեն  ծանոթ են իրենց իրավունքներին` մարդու իրավունքների պաշտպանի հաճախակի այցերից ու գրառումներից։ Միայն թե գործին քիչ է օգնում տեղյակ լինելը, թե կոնկրետ որ իրավունքներն են ոտնահարում ադրբեջանցիները։
«Պատերազմին Քարվաճառում եմ եղել, որ պաշտպանեմ ընտանիքս։ Չէի մտածում, որ պատերազմից հետո կգա մի օր, և ես անհանգստություն կզգամ, երբ երեխաներս դպրոցում են։ Դա անպաշտպան լինելու նոր և շատ տհաճ զգացողություն է», – ասում է Ալբերտը` հեռանալով։
Жители села Сотк
Սոթքի բնակիչները
Տղամարդիկ ցույց են տալիս ծխացող սարը։ Կութի խոտհարքներն են։ Արդեն երկու օր է այրվում են։ Գյուղացի Գևորգ Խաչատրյանի ընտանիքը միանգամից երկու մեծ վնաս է կրել` նրանից ադրբեջանցիները 34 գլուխ անասուն են գողացել, ապա դաշտն այրել։ Հովիվ Հայկ Գալստյանը, որի մոտից էլ գողացել են անասուններին, օգնում է Գևորգին մարել կրակը։
«Ողջ գիշեր գնացել-եկել ենք». կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը. տեսանյութ
- Ծեծե՞լ են ձեզ։
-Ավտոմատներով սպառնում ու օդ են կրակում։
-Վախեցե՞լ եք։
-Չէ, ուղղակի ցավալի է, որ քեզ քո հողի վրա ստորացնում են։ Ցավալի է։
Информационная табличка при въезде в село Кут
Գեղարքունիքի Կութ գյուղը
Մինչ Կութի տղամարդկանց մի մասը փորձում է հանգցնել հրդեհը, յուրաքանչյուրը` իր դաշտում, մյուս մասը հավաքվել է դպրոցի շենքի մոտ, որպեսզի սադրանքի դեպքում տարհանի երեխաներին։ Նրանք տեսել են, որ ռուսական ուղեկալը տեղում է, և ադրբեջանցիները հաստատ սադրանքների չեն գնա, բայց ապահովության համար որոշել են հսկել երեխաներին գոնե դպրոցի առաջին օրերին։ Տղամարդիկ հերթով ասում են, որ այս տարի դպրոցն ընդամենը մեկ առաջին դասարանցի է ունեցել` Ժիրայր Գևորգյանը։ Նա  շատ ճարպիկ ու համարձակ է և հաճախ հեծանիվով շրջում է հին ու գրեթե քարուքանդ եղած տների միջև։
Единственный первоклассник села Кут Жирайр Геворгян
Ժիրայր Գևորգյանը
– Արդեն որոշել ես` ի՞նչ ես դառնալու, – հարցնում եմ տղային։
-Այո, ոստիկան։
-Ինչո՞ւ։
-Որ մեքենայով շրջեմ և պատժեմ  նրանց, ովքեր վառում են մեր դաշտերը։
Велосипед у стены здания в селе Кут
Ժիրայրի հեծանիվը
Տղան ամաչում է և այլևս չի ցանկանում խոսել։ Մենք թողնում ենք նրան ընկերների հետ և փողոց դուրս գալիս` հույս ունենալով զրուցել գյուղի բնակիչների հետ։ Մարդ չկա` շատ շոգ է, բոլորը տան գործերով են տարված։ Շուրջբոլորը լուռ է, և միայն մերթընդմերթ լսվում է շների հաչոցը։ Հեռանալիս տեսնում ենք, որ արդեն ոչ թե մեկ, այլ երկու սար է այրվում։