ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է այսօր տարածված տեղեկատվությունը` Եռաբլուրում կատարված դեպքի մասին։
«Զինուժ մեդիա»–ի տարածած տեսանյութում պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանի վրա կառուցված շինությունն ապամոնտաժվել է պետական ծրագրի շրջանակներում` սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։
«Զինուժ մեդիա»–ի տարածած տեսանյութում պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանի վրա կառուցված շինությունն ապամոնտաժվել է պետական ծրագրի շրջանակներում` սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։
«Ծնողը` Ռոման Գևորգյանը, չանսալով մեր հորդորներին, մեր խնդրանքներին, շարունակել է աճյունատեղում կառուցել երկու հսկա սյուն–կոթողներով դամբարանատիպ շիրիմ, որը, բնականաբար, ստվեր է ձգել կողքի շիրիմներին։ Իսկ հետևի շիրիմներն ամբողջովին ծածկել է»,– նշում է նախարարի խորհրդականը` հավելելով, որ տվյալ շիրիմի կառուցվածքից մյուս զոհերի ծնողները բողոքել են։ Պաշտպանության նախարարությունն էլ նրանց խնդրանքները փոխանցել են Գևորգյաններին։ Բայց վերջինները մնացել են անդրդվելի։
«Պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել, որ ՊՆ չափորոշիչներին համապատասխան ու համահունչ շիրմատեղի պետք է կառուցվի` բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով»,– հայտնում է Վարդան Ավետիսյանը։
Նա նաև պնդում է, որ ՊՆ–ի որոշման մասին հարազատները պարբերաբար տեղեկացվել են օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հայրը` Ռոման Գևորգյանը, մայրը, զոհված այլ հերոսների հարազատներ ու մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` հայտարարելով, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը։
Նշենք` հուլիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը 1,5 մլրդ դրամ էր հատկացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցելու ու տարածքը բարեկարգելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի հարազատները չեն հավանել նախարարության ներկայացրած շիրմաքարերի տարբերակները։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ քննարկել էր գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրները։
Կարապետյանը նշել էր, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։
Ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից: