ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքում։ 3-ամյա երեխա ընկել է առուն և մահացել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, Վարդենիսում։
«Երեխան տանից դուրս է եկել ու տան մոտ գտնվող գետառում ընկել։ Վաղը Քննչական կոմիտեն ավելի մանրամասն հաղորդագրություն կհրապարակի», - փոխանցեցին ՔԿ—ի լրատվականից։
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր: Քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ողբերգական դեպքի փաստով: