Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին կալանավորվել է

Ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցի Ջամիլ Բաբաևը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել. նա այս պահին Արցախի ԱԱԾ–ում է
Նշենք, որ միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Sputnik Արմենիային հաջողվել էր պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։
Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։
Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից