ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործը լրացվել է նոր դրվագներով, մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Տարածված հաղորդագրության համաձայն` Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը,
2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով այդ պաշտոնը, շուրջ 10 մլն դրամի գնման ապօրինի մրցույթ է իրականացրել, որում հաղթող են ճանաչվել իր բարեկամները։
2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով այդ պաշտոնը, շուրջ 10 մլն դրամի գնման ապօրինի մրցույթ է իրականացրել, որում հաղթող են ճանաչվել իր բարեկամները։
Մասնավորապես, Սիսիանի երաժշտական դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման մրցույթում քաղաքապետի հետ նախնական համաձայնությամբ պետք է հաղթող ճանաչվեր նրա եղբորը պատկանող ընկերությունը։ Համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:
Սակայն 2016թ–ի դեկտեմբերի 23-ին, երբ գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, քաղաքապետի եղբոր ընկերությունը չի կարողացել մուտք գործել համակարգ, և նրա փոխարեն հայտ է ներկայացրել նրանց ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ:
Մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է շատ ավելի ցածր գին` 6.598.950 ՀՀ դրամ:
Համայնքի ղեկավարը, սակայն, հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր։
Արդյունքում մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ընկերությունը:
Սիսիանի բյուջեից կապալառու կազմակերպությանը հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ, որի հետևանքով Սիսիան համայնքին պատճառվել է 3.631.050 ՀՀ դրամի վնաս:
ՔԿ–ում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել Սիսիան համայնքի ղեկավարին, նրա եղբորը, վերջինիս ընտանիքի կնքահորը, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին և երկու գլխավոր մասնագետներին։
Ինչպես արդեն հայտնել ենք` Սիսիանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Բացահայտված նոր հանգամանքներով` նրա եղբոր նկատմամբ կիրառվել է գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:
Համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է:
7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։