ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից` Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոտը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։
Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոտին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:
Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է նաև ԵԱՀԿ մյւս երկու համանախագահ երկրների դեսպաններին` Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։