ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հեղուկ գազի հայաստանյան շուկայում վիճակը շարունակում է ճգնաժամային մնալ։ Սուր դեֆիցիտի պատճառով առաջացած կտրուկ գնաճը լրջորեն մտահոգել է վարորդներին։
Հեղուկ գազը վարորդների շրջանում մեծ տարածում ստացավ մի քանի տարի առաջ։ Շատերը բենզինից կամ սեղմված գազից գերադասեցին հեղուկ գազը, և դա իր պատճառներն ուներ։
Բենզինը թանկ էր (և այսօր էլ թանկ է), սեղմված գազը ժամանակի ընթացքում մեքենայի առանցքային հանգույցները շարքից հանում է, բացի այդ շարժիչը զգալիորեն կորցնում է քարշող ուժը, գազի մեծ բալոնն էլ բեռնախցիկի կեսից ավելին է զբաղեցնում։ Այս և այլ մանրուքներ հեղուկ գազն առավել օպտիմալ էին դարձնում օգտագործման համար և վարորդների համար` առավել հարմար տարբերակ։
Սակայն այսօր իրավիճակը փոխվեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում հեղուկ գազի գները գրեթե կրկնակի աճեցին։ Եթե նախկինում հեղուկ գազի 1 կգ–ն 150-180 դրամ էր, ապա այսօր, եթե իհարկե հնարավոր լինի գտնել, այն 280-300 դրամ արժե։
Շուկայում վառելիքի դեֆիցիտը ներկրող ընկերությունները բացատրում են դրանց պակասով այն երկրներում, որտեղից ներկրում են։ Հայաստան հեղուկ գազ ներկրվում է Ռուսաստանից և Իրանից։ Դեռ հուլիսի վերջին ԶԼՄ–ները գրում էին, որ կառավարությունը բանակցում է Կատարի հետ վառելիքի մատակարարման թեմայով, սակայն նորություն այդ առումով դեռ չկա։
«Ռուսաստանում ևս հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում։ Այն չի բավարարում ներքին կարիքների համար և, որպես հետևանք, լավ թանկացել է։ Երբեմն մենք նաև Իրանից ենք հեղուկ գազ գնում, բայց նույնանման իրավիճակ է հարևան երկրում. այնտեղ ահռելի հերթեր են և սուր դեֆիցիտ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գազ–Պրոպան» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Մելիքյանը։
Заправочная станция со сжиженным газом в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Ըստ նրա` խնդիրն առաջացել է երկու–երեք ամիս առաջ։ Մեր զրուցակիցը դեռ դժվարանում է իրավիճակից ելք գտնելու տարբերակ նշել։ Միևնույն ժամանակ չի բացառում լցակայանների թվի կրճատումը։
Մելիքյանի հետ համակարծիք են Sputnik Արմենիայի կողմից հարցված լցակայանների աշխատակիցները։ Մենք եղանք մի քանի լցակայաններում և հեղուկ գազ գտանք միայն մեկում։ Մեզ պատմեցին, որ գազ օրերով չի լինում, իսկ երբ ներմուծում են, որպես կանոն, 2-3 ժամից այն սպառվում է։ Այնուհետև կրկին ստիպված են լինում օրերով սպասել։ Լցակայաններից մեկում էլ գրված էր, որ գազ չկա, որպեսզի ավելորդ անգամ վարորդները չանհանգստացնեն։
Дефицит сжиженного газа в одной из заправок Еревана
© Sputnik / Stringer
«Համաշխարհային շուկայում արդեն մի քանի ամիս է գազի գնաճ է նկատվում ընդհանուր առմամբ, ինչը պայմանավորված է առանցքային արտադրողների և ներմուծողների կոշտ գնային քաղաքականությամբ։ Տեսնում ենք, որ Եվրոպայում գազն արդեն 1000 խմ–ի դիմաց 600 դոլար արժե, Ասիայում արժեքը գերազանցել է 1000 դոլարը։ Այս ամենն իհարկե չի կարող չանդրադառնալ հեղուկ գազի հետ կապված իրավիճակի վրա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Վահե Դավթյանը։
Բացի այդ Ռուսաստանում, որտեղից հիմնականում Հայաստանը գազ է ներմուծում, նկատվում է հեղուկ գազի սպառման աճ, իսկ արտադրական ծավալները միշտ չէ, որ բավարարում է ներքին պահանջարկը։ Հեղուկ գազի արտադրական հզորություններն այնտեղ միայն վերջին 5 տարիներին են սկսել զարգանալ։
Դավթյանը կարծում է, որ այս գործոններն էլ հենց հանգեցրել են այն իրավիճակին, որն այսօր առկա է Հայաստանում։ Այն բարդացնում է նաև մեր ունեցած շատ փոքր սպառողական շուկան։ Ոչ պաշտոնական տվյալներով` մեքենաների միայն 12%–ն է հեղուկ գազ օգտագործում, ինչը նպատակահարմար չի դարձնում դրա` մեծ ծավալներով ձեռքբերումը, որի դեպքում հնարավոր կլիներ որոշակի զեղչ ստանալ։
Ներկայիս դեֆիցիտի հետևանք կարող է դառնալ բենզինին կամ սեղմված գազին մարդկանց զանգվածաբար «վերադարձը», ինչի մասին խոսում են հենց վարորդները։ Դեռ նրանք գերադասում են սպասել` հույս ունենալով, որ շուկայում իրավիճակը կկարգավորվի։
«Երբ մեքենայի վրա գազ էի դնում, 150 դրամ էր։ Ձեռնտու էր` բենզինից կրկնակի էժան է, մեքենային էլ չի խեղճացնում։ Բայց արդեն ինչքան ժամանակ է բենզին եմ լցնում, քանի որ հեղուկ գազ պարզապես չկա», – ասում է վարորդ Արայիկ Հակոբյանը։
Նրա խոսքով` եթե այսպես շարունակվի, ինքը ստիպված կլինի Հայաստանի համար «ավանդական» գազաբալոնային համակարգ տեղադրել, այսինքն` սեղմված գազի անցնել։