ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացարձակ անթույլատրելի է համարել այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալ պարտադրելը: Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրառումն արել է Facebook-ի իր էջում։
«Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։ Պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար»,–շեշտել է Թաթոյանը։
ՄԻՊ աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաև ԱԺ–ում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ:
Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեսանյութերը:
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրագրողների հանդեպ զինվորականները դրսևորում են կոպիտ վերաբերմունք: Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում և որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից»,–նշել է նա:
Թաթոյանի խոսքով` տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով դուրս է հանում նրանց լրագրողների սենյակից:
Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ և անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որևէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը և առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը և ինքնուրույն դուրս գալ սենյակից:
Նշվում է, որ օգոստոսի 2-ից ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների համար կիրառվող սահմանափակումներն արդեն ակնհայտ ցույց են տալիս, որ դրանք ԱԺ շենքի անվտանգության հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը, առաջացնում են լրագրողական աշխատանքի խոչընդոտներ ու բացասական են ազդում լրագրության հեղինակության վրա հասարակությունում:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:
«Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հստակ է. պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում ու մասնավորապես՝ օթյակում լրագրողների աշխատանքի խոչընդոտները»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում օգոստոսի 24-ի և 25-ին միջադեպեր տեղի ունեցան նաև անվտանգության աշխատակիցների և լրագրողների մասնակցությամբ։