ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս անցած քաղաքացու մահվան առաջին դեպքը։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։
«Իհարկե, դա շատ ցավալի փաստ է։ Աշխարհում նման եզակի դեպքեր կան, և այն արձանագրվել է նաև Վրաստանում։ Սակայն դա խուճապի պատճառ չպետք է դառնա», - ասել է Տիկարաձեն։
Մահացածը 80-ամյա տղամարդ էր, նա բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ է ունեցել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Ընդ որում, նախարարը նշել է, որ ամբողջությամբ պատվաստված մարդկանց շրջանում մահացությունների թիվը 0,001 տոկոս է կազմում: Տիկարաձեն չի հայտնել, թե ինչ դեղամիջոցով է պատվաստվել տղամարդը։ Նրա խոսքով՝ դա հիվանդի անձնական տեղեկատվությունն է։ Նա կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել՝ պարզաբանելով, որ, ցավոք, նման դեպքեր նույնպես լինում են։
Նախարարը չի բացառել, որ երեքշաբթի կայանալիք միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն:
Օգոստոսի 23-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 517 098 դեպք է գրանցվել։ Վերջին 24 ժամվա ընթացքում ցուցանիշը կազմել է 2354, մահացել է 60 մարդ։ Համավարակի սկզբից մահացել է 6 831 մարդ։ Պատվաստվել է 979 813 մարդ, այդ թվում՝ վերջին մեկ օրում՝ 17 670։
Վրաստանում կարելի է պատվաստել Pfizer, Sinovac, Sinopharm դեղամիջոցներով։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: