ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Սյունիքի զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության դեպքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ ժամկետային զինծառայող՝ դիրքի ավագը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նա կասկածվում է ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու ու դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու մեջ։
Նշենք, որ մինչ այդ երեք ծառայակիցների սպանության կասկածանքով ձերբակալվել էր նաև նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել: