Առաջարկվում է դպրոցներում կրեդիտային համակարգ փորձարկել. կարծիքների ժամկետին քիչ է մնացել

Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով, առաջին փուլում` Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է  դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր՝ կրեդիտային համակարգի փորձարկում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Նշվում է, որ e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: Գերատեսչությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:
Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով: Այսինքն՝ աշակերտը բարձր գնահատականներ ունենալու դեպքում կարող է քննություններ չհանձնելով ընդունվել բուհ։
Բացի այդ, կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա:
Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով. ԿԳՄՍ փոխնախարար
Համաձայն նախագծի` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։ Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։
Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով։  Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում: Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող լրամշակումներից հետո:
Թաթոյանն առաջարկում է դպրոցի ընդունելության չափանիշներում փոփոխություն մտցնել