Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել

Վթարի հետևանքով երկու երիտասարդներն էլ հիվանդանոց են տեղափոխվել, իսկ ցուլն ու հորթը չեն վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ապարանում այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանում 34-ամյա տղամարդը նռնակներով մտել է ընկերության գրասենյակ ու հանդիպում պահանջել
«VAZ 2106» մակնիշի մեքենան բախվել է Ապարանի Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնք տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Տեղափոխվածներից մեկը վարորդն է` Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, մյուսը` ուղևորը` նույն մարզի բնակիչ, 23-ամյա Արշակ Այվազյանը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազաբալոնը փակեն, այնտեղ հորթուկ են հայտնաբերել, իսկ ավտոմեքենայի սրահում ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։
Ոստիկանները պարզել են, որ նրանք գողացել են անասունները։ Ցուլն ու հորթը պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ, 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ Կենդանիների անուններն էլ են հայտնի՝ Զազո և Զուզու։ Կենդանիները վթարի հետևանքով չեն վնասվել։
Երևանում «Opel Astra»-ն բախվել է բենզալցակայանի լիցքավորման ապարատին ու բռնկվել
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալբերտ Խաչատրյանը «Ապարան» բժշկական կենտրոնից անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կենդանիներին սկզբում տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, տուժած Գ․ Պողոսյանին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի փոխանցեն կենդանիներին։
Լոռիում ավտոմեքենա է այրվել