ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamsyan.com-ը։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցեում գտնվող գրասենյակ ու պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է նռնակները պայթեցնել։
Դեպքի վայր ժամանած իրավապահները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Ս. Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրին, որ նշված հասցեում բուքմեյքերական ընկերության գրասենյակ է գործում։