ՊՆ–ն Եռաբլուրում հավաք-ժողով կանցկացնի զոհերի հարազատների մասնակցությամբ

Զոհերի գերեզմանների կառուցապատման ու բարեկարգման մեկնարկը նախատեսված է 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը։
Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար
Նախարարության հայտարարության համաձայն, քվեարկությանը մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։
Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար վաղը` օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպում է ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցելու է հրավիրում զոհերի հարազատներին։
Հիշեցնենք` հուլիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը 1,5 մլրդ դրամ էր հատկացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցելու ու տարածքը բարեկարգելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի հարազատները չեն հավանել նախարարության ներկայացրած շիրմաքարերի տարբերակները։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ քննարկել էր գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրները։
ԱՀ նախագահն ընդունել է անհետ կորածների հարազատներին, ՊՆ պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
Կարապետյանը նշել էր, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։
Ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից: