ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող 5 մանկատներում շուրջ 485 երեխա է բնակվում, որոնցից որդեգրման ենթակա են միայն 230-ը։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով`մանկատանը հայտնվելը դեռ չի նշանակում, թե երեխան ենթակա է որդեգրման։ Բանն այն է, որ մանկատանը խնամվող շատ երեխաներից նրանց կենսաբանական ծնողներն իրավաբանորեն չեն հրաժարվում։ Արդյունքում` երեխան փաստացի մնում է առանց ընտանիքի ու ծնողների, պետությունն էլ զրկվում է երեխային այլ` որդեգիր կամ խնամատար ընտանիքի հանձնելու իրավունքից։
«Խոսքը միայն որդեգրումների մասին չէ, այլ երեխաների` ընտանիքում ապրելու, հնարավորինս ընտանեկանին մոտ միջավայրում մեծանալու հնարավորության մասին»,– ասաց Տաթևիկ Ստեփանյանը` հավելելով, որ երեխայի այս շահից բխող իրավունքի իրացմանն այսօր խոչընդոտում են նաև ոլորտի օրենսդրական բացերը։
Օրենսդրական խնդիրները կարգավորելու և երեխաների իրավունքներին ուղղված ընթացակարգերը թափանցիկ դարձնելու, պարզեցնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որն այսօր ներկայացվեց հանրությանը։
«Քանի որ մենք ընտանեկան օրենսգրքում ամրագրել ենք երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը, բայց գիտենք, որ ցավոք, ունենք առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ապա մենք մեր նախաձեռնություններում, ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունից բխելով պետք է յուրաքանչյուր երեխայի ապահովենք ընտանիքով»,– ասաց փոխնախարարը։
Գործող օրենսդրությունը նախատեսում է, որ իրավաբանորեն ծնող ունեցող, բայց իրականում ծնողական խնամքից զուրկ երեխաների հարցով մանկատունը պետք է դիմի դատարան` ծնողներին «անհայտ բացակայող» ճանաչելու համար, որից հետո երեխան իրավունք կստանա նոր ծնողներ ունենալու` մեծանալու որդեգիր կամ խնամատար ընտանիքում։ Օրենսդրական այս կարգավորումը, սակայն, սոցապ փոխնախարարի խոսքով, Հայաստանում գրեթե չի գործել։ 2010թ–ից ի վեր որևէ մանկատուն նման հայցով դատարան չի դիմել։
Փոխարենը, ինչպես պարզվեց հարուցված քրեական գործերով, Հայաստանում տարիներ շարունակ երեխաների անօրինական որդեգրումներ են արվել, որոնցով երեխաները մեծամասամբ հանձնվել են արտասահմանցի որդեգիրներին։
Վերջին 2 տարիներին, Ստեփանյանի խոսքով, հայ փոքրիկները հիմնականում մնացել են Հայաստանում։ 2020թ–ին որդեգրված 33 երեխաներից միայն մեկն է որդեգրվել արտասահման։
Բացի այդ, եթե նախկինում Հայաստանում խուսափում էին հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրել, այսօր այդ բարդույթը ևս հաղթահարված է։
«Մենք 2020 և 2021թ–ին բացառիկ դեպք ենք ունեցել, երբ ՀՀ–ում որդեգրվել են հաշմանդամություն ունեցող բալիկներ։ Սա աննախադեպ փաստ է»,– ասաց սոցապ փոխնախարարը։
Նշենք, որ այս տարվա պաշտոնական տվյալներով` ՀՀ–ում 85 խնամատար ընտանիք է գրանցված, որտեղ ապրում են 95 երեխաներ։
Օրենսդրական նոր փաթեթով հստակեցվել են նաև պատասխանատու մարմինների իրավասությունները երեխաների որդեգրման ու խնամատար ընտանիքներին հանձնելու դեպքերում։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի երեխայի իրավունքների մոնիթորինգի և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող օրենսդրությունն իրականում դժվարացնում է երեխայի` մանկատնից դուրս գալու, կենսաբանական, խնամատար կամ որդեգիր ընտանիքին միանալու գործընթացը։
«Նոր օրենքով` հաստատության աշխատակիցները պետք է կապ հաստատեն ընտանիքի բնակության վայրի խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովի հետ։ Ներգրավվածություն են ունենալու նաև մարզային պատասխանատուները»,– ասաց ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը` հավելելով, որ օրենքի փոփոխությունների ընդունումից հետո կարիք կլինի նաև ենթաօրեսդրական ակտերում ճշգրտումներ իրականացնելու։
Հիշեցնենք, ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով պաշտոնապես հայտարարվել է անօրինական որդեգրված 144 երեխաների մասին։ Նրանցից 114–ն ապօրինի որդեգրվել են 2005-2019 թվականներին։ Ընդ որում, քրեական գործի նյութերով որդեգրումների դիմաց վճարվել է շուրջ 1 միլիոն 800 հազար եվրո և 26 հազար դոլար կաշառք։
Եվս 30 երեխա 2016-18 թվականներին ապօրինի գործընթացներով որդեգրվել են Իտալիա։ Այս գործով մեղադրյալներ են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, ինչպես նաև` Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը և ևս երկու քաղաքացի։