«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ

Ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։ 
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց անհետ կորածներից մեկի մայրը։
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
Հայտնել էինք, որ այսօր ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա էին անում անհետ կորածների հարազատները` նրանք հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։ Որոշ ժամանակ անց Աբազյանն ընդունեց բոլորին. քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ 
«Ամիսներ են անցել, սակայն մեր երեխաներից որևէ լուր չունենք։ Բացի այդ, չկան նաև պատասխանատուներ, թե ինչու է այնպես ստացվել, որ մեր տղաներին տարել են արդեն իսկ գրավված տարածք։ Հիմա մենք Աբազյանի հետ պայմանավորվել ենք, որ մեր ունեցած փաստերը կտրամադրենք իրեն, որպեսզի ինչ–ինչ հանգամանքներ հայտնի դառնան»,–ասաց կինը։
Նա նշեց նաև, որ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է` ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի։ Անհետ կորածների հարազատները պայմանավորվել են փաստերն ի մի բերելուց հետո կրկին հանդիպել Աբազյանի հետ։
Հիշեցնենք, որ ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։ 
Պետությունը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս դրամական աջակցություն կտրամադրի