ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան ադրբեջանցիները 18։40–22։30–ի ժամանակահատվածում կրակահերթեր են արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, գնդակները հասել են նույնիսկ որոշ տների տանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը` նշելով, որ հրաձգության հետևանքով լուրջ վնասներ չեն եղել։
«Մարդկանց մոտ բնականաբար կա վախի զգացում, բայց դա խուճապի չի վերածվում, և նրանք գյուղից հեռանալու ցանկություն չունեն։ Գյուղացիները ցավոք իրենց անասուններին արոտավայր չեն տանում, անասուններն արածում են գյուղին կից փոքր տարածքում, որտեղ խոտը երաշտի պատճառով չորացել է, անասունները տևական ժամանակ մնում են նաև առանց ջրի։ Հիմնական արոտավայրերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ, նրանք նույնիսկ գողացան 80 անասուն և մինչև հիմա չեն վերադարձրել, թեև այդ մասին կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Գյուղում անասնակերի նվազման պատճառով որոշակիորեն կրճատվել է կենդանիների գլխաքանակը»,– պատմեց գյուղապետը։
Չիտչյանի փոխանցմամբ` գյուղացիներն իրականացրել են աշնանացան, գարնանը ցանել էին մի քանի հեկտար գարի և կարտոֆիլ, սակայն կարկուտը մեծ վնասներ հասցրեց` ամեն ինչ հավասարեցնելով հողին։ ՀՀ ԱԻՆ–ի ներկայացուցիչները եկել են և տեղում արձանագրել վնասի չափը` կազմելով համապատասխան արձանագրություն։
Գյուղապետի խոսքով` ռուս զինվորականներն այսօր եղել են Կութում, նրանք նախկինում էլ երկու անգամ այցելել էին այդ տարածք, գյուղապետարանում հայտնել են, որ մինչև ամսվա վերջ կգան և կտեղակայվեն սահմանին։ Ըստ նրա`գյուղում ներկա պահին իրավիճակը հանգիստ է, գյուղացիները խաղաղ գիշեր են անցկացրել։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Երեկ` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։