Երկու մեդալները ձեռքին, սպիտակող մորուքով, ձեռքի վրա արտահայտիչ երակներով և որդու կորստի լուրն իմանալու պահն իր հայացքում «պահած» տղամարդու նկարը երկար ժամանակ է, ինչ պտտվում է սոցցանցերում։ Սամվել Արամյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մի ամբողջ վաշտի 73 զինվորներից Անանիա Արամյանի հայրն է. Անանիան հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Պարգևատրման արարողության ժամանակ արված լուսանկարում որդու մեդալները բռնած հոր հայացքը շատ բան է պատմում, և մարդիկ լուսանկարը տարածում են նույնիսկ առանց մեկնաբանության. ամեն ինչ պարզ է։
Представители командного состава одной из воинских частей Армии обороны Карабаха вручили государственные награды родным погибших военнослужащих (28 июля 2021). Еревaн
Այդ երկու մեդալներն այժմ Անանիայենց տանն են` նրա հիշատակին ստեղծված հուշ–անկյան մի կողմում։ Այդտեղ են նաև նրա անձնական իրերը` ժամացույց, պայուսակ, որոնց ձեռք տալիս Անանիայի ծնողներն աչքերը փակում են դրանցում որդու ներկայությունն ավելի լավ զգալու համար։
Уголок памяти Анании Арамяна
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Արամյանը պատմում է` որդու զորացրվելուն չորս ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը. տղան Մարտունի 3-ում է ծառայել։ Հայրն այդ ժամանակ Ռուսաստանում է եղել` արտագնա աշխատանքի։
«Պատերազմի լուրերն ինտերնետից էինք իմանում. Անանս միայն մեկ անգամ ինձ զանգեց այդ ընթացքում. դժվար էր Ռուսաստան կապ հաստատել։ Ես իրեն ասում էի, որ ոչ մեկին չզանգի, երկար չխոսի, քանի որ վախենում էի հեռախոսի միջոցով տեղորոշեին որդուս։ Էդ մի զանգի ժամանակ էլ Անանիս հետ շատ չխոսեցինք, բայց ձայնը տխուր չէր, վստահ էր խոսում ինչպես միշտ»,–պատմում է Անանիայի հայրն ու հավելում` ծառայության ժամանակ որդին շատ էր հասունացել, փոխվել։
Фотография Анании Арамяна с сослуживцами карабахской войны
© Sputnik / Aram Nersesyan
Անանիայի ավագ եղբայրը` Հայկը, պատերազմը սկսվելու լուրն իմանալուն պես Արցախ է մեկնել, որպեսզի փոքր եղբոր կողքին լինի։ Հայրը հայացքը պատուհանից դուրս է գցում ու ասում` երևի ճակատագրի բերումով է, որ միասին չեն եղել, և Հայկը ողջ է մնացել. նա եղբորից 3 կիլոմետր է հեռու եղել։
Мать погибшего военнослужащего Анании Арамяна Айкуш у уголка памяти сыну
© Sputnik / Aram Nersesyan
Մայրը` տիկին Հայկուշն է ամուսնուն տեղեկություններ հայտնել որդիների մասին` ոնց են, որտեղ են։ Իսկ առաջին գծից զանգող Անանիայի ձայնը երբեք տագնապած չի հնչել անգամ վերջին օրը` հոկտեմբերի 11-ին, երբ նրան 72 զինվորների հետ ուղարկել են Հադրութ` որպես ամենամարտական վաշտ։
Фотография братьев Анании и Айка Арамянов с карабахской войны в уголке памяти Анании Арамяна
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբերի 11-ից հետո Արամյանների կյանքը վերածվել է դժոխքի. նախ 2 ամիս հույսով սպասել են, քանի որ բողոքի ակցիաների ժամանակ նրանց ասվել է` հնարավոր է` տղաները բունկերներում թաքնված լինեն։ Սակայն դեկտեմբերին Հադրութի շրջանից սկսեցին այդ վաշտի տղաների աճյունները հանել, և մինչ օրս էլ շարունակվում է այդ գործընթացը։
«Ես մի բան չեմ հասկանում` ինչպե՞ս կարող էին մեր տղաներին ուղարկել մի տեղ, որն արդեն թուրքերի ձեռքում էր։ Այդ օրը 73 զինվոր` մի ամբողջ վաշտ, հրամանով Մարտունիից Հադրութ են ուղարկել. 3 մեքենաներից վերջինին խփել են, մեքենան սկսվել է այրվել։ Դրանից հետո մյուս մեքենաների մեջ գտնվող մեր տղաները հայտնվել են շրջափակման մեջ, կռիվ են տվել, բայց բոլորն էլ զոհվել են»,–ասում է Անանիայի հայրը և բարկությունից ձեռքը բռունցք անում, ամուր սեղմում։
Отец погибшего военнослужащего Анании Арамяна Самвел у уголка памяти сыну
© Sputnik / Aram Nersesyan
Որդուն հուղարկավորել են այս տարի հունվարին։ Հենց հունվարին էլ նա պետք է զորացրվեր...
Հայրն ասում է` իրենց թվում էր, որ ամենաանտանելին սպասման օրերն էին, երբ պատերազմում գտնվող ավագ որդին փորձում էր կռվին զուգահեռ եղբորից որևէ լուր ստանալ, կամ էլ պատերազմից հետո Մարտունուց եկած զինվորներին էին հարցուփորձ անում ինչ–որ լուր ստանալու հույսով։ Սակայն դժվարը հիմա է` երբ ոչ միայն չեն հաշտվել որդու կորստի լուրի հետ, այլև փորձում են արդարության համար կռիվ տալ և պարզել` ինչպես են 73 զինվորի ուղարկել գրավված տարածք։ Բացի դրանից, դեռ նույն վաշտից մեկ անհետ կորած կա, և բոլոր ծնողները նրա հետ են հույսեր կապում և սպասում, որ գերիների մեջ կգտնեն նրան։
«Դիահերձարանն արդեն մեր երկրորդ տունն է դարձել։ Ամեն օր գնում ենք, որ եթե մեր տղաներից էլի մասունք լինի, վերցնենք։ Սակայն մեր ամբողջ հույսը հիմա Անանիս վաշտից էդ սպիտակցի տղան է, որից դեռ լուր չկա։ Թե չէ մեդալ տալն ի՞նչ պիտի փոխի մեր կյանքում։ Հա, զգում ես, որ չի մոռացվում տղայիդ արածը, բայց ուզում է ամբողջ աշխարհն ինձ տան` որդուս չի փոխարինի ոչինչ»,–ասում է Սամվել Արամյանը։
Այս ընթացքում նաև ինչ–որ «հայ» է գտել ընտանիքին ու գրել, թե Անանիան գերի է ընկել. պարզվել է, որ Խծաբերդից գերի ընկած տղաների նկարներն են ֆոտոշոփ արել, փորձել ընտանիքից ինչ–որ բան պոկել։ Մի պահ ընտանիքը հույսով է լցվել, սակայն դեպքը մինչ ԱԱԾ–ին կհասներ, ծանոթ մասնագետները վստահեցրել են` ստում են, Անանիայի դեմքով նկարն էլ ֆոտոշոփի արդյունք է։
Родители погибшего военнослужащего Анании Арамяна у уголка памяти сыну
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա ընտանիքն այդ մասին չի էլ ուզում հիշել, քանի որ չէին սպասում, որ թշնամուն զուգահեռ «հայերն» էլ են նման տառապանք պատճառելու իրենց։ Անանիայի հայրը նշում է` հիմա ամեն ինչ անելու են, որ արդարությունը ջրի երես դուրս գա, իրենց որդիների զոհվելու դեպքով հարուցված քրգործը բոլոր հանգամանքները պարզի։ Հետո հոգոց է հանում ու ավելացնում` կուզեր նաև, որ սա վերջին պատերազմը լիներ, և այլևս ոչ մի ծնող չանցներ այն դժվարությունների միջով, որոնց միջով իրենք են անցնում. «Կուզեի գոնե էս ամենից հետո խելքի գա ինչպես իշխանությունը, այնպես էլ ժողովուրդը»։
Мать погибшего военнослужащего Анании Арамяна Айкуш у уголка памяти сыну
© Sputnik / Aram Nersesyan
Զրույցի ընթացքում նրա բջջայինին զանգ է գալիս` Անանիայի վաշտի տղաներից մեկի հայրն է` ինչ–որ բան են պայմանավորվում։ Սամվել Արամյանն ասում է, որ 73 զոհվածների ընտանիքներով արդեն իրար հարազատ են դարձել` առանց իրար չեն կարող, քանի որ տղաների ճակատագիրն է կապում ընտանիքներին։ Զրույցն ավարտում ենք. Անանիայի հայրը մյուսների հետ կրկին դիահերձարան պիտի գնա` մեկ այլ տղայի մասունքներից մեկը պետք է Ռուսաստան ուղարկեն կրկնակի հետազոտության։
Отец погибшего военнослужащего Анании Арамяна Самвел у уголка памяти сыну
© Sputnik / Aram Nersesyan