ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց ապօրինի կերպով վարելահողեր է օտարել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել»։
Նա համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու, դրանք իր կողմից կազմակերպված ձևական աճուրդների միջոցով տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին կայացնելով միանձնյա որոշումներ՝ կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել է ձևական աճուրդներ։ Դրանց արդյունքում Արտաշավան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 67 հեկտար ընդհանուր մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր օտարել է նշված ընկերությանը, որի դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 67.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին։ Դիտավորյալ այդ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքին տիրանալու և օգտագործելու հնարավորությունից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: