ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն այս օրերին ներկայացնում է իր նոր «Donda» ալբոմը՝ համերգների շարքով։
Ատլանտայի մարզադաշտում տեղի ունեցած համերգին, որին, ի դեպ, ներկա են եղել նաև նրա նախկին կինը` ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, նրանց զավակները՝ Նորթն ու Փսալմը, և Քիմի քույրը՝ Քլոեն, Քանյեն երգել է Love Unconditionally (Սեր առանց նախապայմանների) երգը։
«Ժամանակն ու տարածությունը ճոխություն են, բայց դու եկել ես այստեղ ու ցույց տվել, որ դեռ ինձ սիրում ես։ Դու վերջին շրջանում երջանիկ չէիր իմ պահվածքով», - ասվում է Քանյեի երգի մեջ։
Ռեփերն այս երգը կատարելիս նաև ծնկի է եկել և երգել այս բառերը․
«Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ»:
View this post on Instagram
Քիմը դեռևս հրապարակավ չի արձագանքել նախկին ամուսնու այս սիրառատ ժեստին։ Հայտնի է, որ մեգաաստղը լուրջ տարաձայնություններ չի ունեցել Քանյեի հետ, Keeping up with the Kardashians շոուի վերջին սերիայում անցկացված մեծ հարցազրույցի ժամանակ Քիմն ասել է, որ պարզապես հոգնել է իր ամուսնու հետ տարբեր նահանգներում ապրելու մտքից, ինչպես նաև ուզում է` իր կողքին այնպիսի տղամարդ լինի, որի հետ նրանք կարող են շատ ավելի շատ առօրեական գործեր կիսել՝ մարզվել, աշխատել։ Քանյեի հետ դա չէր ստացվում։