«Լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն կա». Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը հետաձգվեց

Պաշտպանական կողմը ընդմիջում խնդրեց, որից հետո միջնորդեց հետաձգել դատական նիստը` հետազոտելու նոր ի հայտ եկած փաստաթղթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին։
«Ես մեղավոր չեմ». Սերժ Սարգսյանը քրեական գործը քաղաքական պատվեր որակեց
Մեղադրող Արսեն Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց նոր տվյալներ` ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի կողմից հարցաքննությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց` տվյալներին ծանոթանալու համար, դրանից հետո էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, թե փաստաթղթեր են հրապարակվում, որոնք կապված են թվերի հետ և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն ունեն: Դատարանը համաձայնեց` հետաձգել նիստը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողովը. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Նրանք երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ՝ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։