ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ի սահմանում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Կայքի տեղեկություններով՝ սանավիացիան պետք է ծայրահեղ ծանր վիրավորին տեղափոխեր Երևան, սակայն տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի հանգամանքները պարզվում են։